ԵՄ–ն լրացուցիչ 5,5 մլն եվրո կհատկացնի ԼՂ–ից տեղահանվածների համար

Արցախի տեղահանվածներ
Միջոցների զգալի մասը կուղղվի տեղահանվածների հիմնական կարիքների բավարարմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Եվրամիությունը մարդասիրական օգնության շրջանակում լրացուցիչ 5,5 մլն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
Այս ֆինանսավորումից 1,5 միլիոնը նախատեսված է պոտենցիալ ճգնաժամերի նկատմամբ խոցելի խմբերի դիմակայունությունը բարձրացնելու համար:
Մնացած 4 միլիոն եվրոն կուղղվի կանոնավոր դրամական փոխանցումների ապահովմանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան հոգալ իրենց հիմնական կարիքները:
Այս ֆինանսավորումը հավելյալ օգնություն է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականին հայտարարված 12․2 մլն եվրո աջակցությանը։
ԼՂ–ից բռնի տեղահանված 22 164 անձի կենսաթոշակներ են նշանակվել և վճարվել
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։