Ադրբեջանը պատրվակներ է փնտրում սահմանային էսկալացիաներ ծավալելու համար. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի ղեկավարությունը շարունակաբար փորձում է վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցութունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական վերջին գործողություններին, որոնց հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունի։
ՀՀ իրավասու մարմինները փետրվարի 12-ին հաղորդագրություն էին տարածել, որ հետաքննում են ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակված կադրերն ու տեղեկությունները, ըստ որոնց՝ Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել։ Չնայած սրան՝ ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել, ու սա ցույց է տալիս, որ նրանք պատրվակ են փնտրում։
«Խստրեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողությունները, կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ»,- նշված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ից հիշեցնում են, որ ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները։ Բացի այդ, վերջին օրերին Ադրբեջանի կողմից տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքներ էին կատարվել: Այսպիսով Ադրբեջանի ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցութունները։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր։