Վարդենիսցիները կրկին փակել են ճանապարհը. մարզպետի կարծիքով` նրանք նեղ անձնական շահեր ունեն

Մարզպետի հետ հանդիպմանը մասնակցել է 300–ից ավելի մարդ, որոնց չի գոհացրել նրա պատասխանները. անձնագրային բաժինը տեղափոխելու մեջ մարդիկ այլ ենթատեքստ են տեսնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո Վարդենիսի և հարակից համայնքների բնակիչները նորից փակել են դեպի Երևան տանող ճանապարհը։ Ակցիա իրականցնողներին չեն բավարարել մարզպետի պատասխանները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարդենիսցիները բողոքում են Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ` ասելով, որ դրանով սահմանային բնակիչների` առանց այդ էլ ոչ հեշտ կյանքն ավելի է բարդանում:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ իր հետ հանդիպմանը մասնակցել է 300–ից ավելի մարդ, որոնց նա ներկայացրել է բարեփոխման ծրագիրը և նաև այն, որ նրանք որևէ դժվարության առաջ չեն կանգնելու։
«Անձնագրային բաժինը դեռ երկու–երեք ամիս էլի շարունակելու է աշխատել։ Այդ ընթացքում թվայնացման աշխատանքներ են իրականացվելու։Եթե ամբողջությամբ չհասցնենք անել դա, ապա շրջիկ անձնագրային կետեր ենք ունենալու, որոնք կգան տեղում այդ ծառայությունները կմատուցեն մարդկանց` մինչև բարեփոխումն ամբողջովին կիրականացվի»,– ասաց նա։
Մարզպետի խոսքով` համայնքապետարանի` քաղաքացիների սպասարկման կենտրոնը կունենա հատուկ պատուհան, որտեղ քաղաքացիները կարող են մոտենալ ու ծագած բոլոր խնդիրների պատասխանները ստանալ։
Թե ինչու իր հետ հանդիպումից հետո մարդիկ կրկին որոշեցին փակել ճանապարհը, Սարգսյանի համոզմամբ` պատասխանը մեկն է` նեղ անձնական շահեր կան։
«Մարդիկ կային, որոնք դեմ էին արտահայտվում հանդիպմանը, սակայն նրանք բարձրացնում էին զինկոմիսարիատի հարցը, որը 10 և ավելի տարի առաջ էր տեղափոխվել, տուն–ինտերնատի փակման մասին են խոսում, որի մասին ընդհանրապես խոսք չկա ու չի էլ լինելու, կադաստրի մասին են խոսում, սակայն դա մեր համայնքի կողմից պատվիրվող ծառայություն է միշտ եղել։ Ինչ–որ ուժեր կան, որոնք փորձում են բնակիչների մեջ ըմբստություն գեներացնել»,– կարծում է մարզպետը։
Ինչու է փակվում Վարդենիսի անձնագրային բաժանմունքը. Փաշինյանը խոսել է օպտիմալացման մասին
Այն դիտարկմանը, որ քաղաքացիների մտավախությունն այն է, որ անձնագրային բաժինը հանվում է, քանի որ առաջիկայում նախատեսվում է Վարդենիսի տարածքները հանձնել, Սարգսյանը կարճ արձագանքեց. «Լկտի սուտ է, նման բան գոյություն չունի»։