ՀՀ–ում նոր վարույթ է ներդրվել. առաջին անգամ ոչ ծանր հանցանք կատարողները կտուգանվեն

Դատարան
ՀՀ արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ վարույթի այս տեսակը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանում ներդրվել է «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը», ըստ որի` առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ կկիրառվի «համաձայնությամբ տուգանք»։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։ Օրենքն ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 6-ից։
Այս վարույթի կիրառման համար հանցանքը պետք է լինի ոչ մեծ ծանրության, և դրանով չպետք է վնաս պատճառված լինի մասնավոր անձի շահերին:
«Մեղադրյալի նկատմամբ նշանակվում է ՔՕ հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը՝ առանց լրացուցիչ պատիժ և անվտանգության միջոց նշանակելու: Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը կիրառվում է հանրային մեղադրանքի կարգով քննվող այն անձանց վերաբերյալ քրեական գործերով, որոնք հանցանք կատարել են առաջին անգամ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ արդարադատության նախարարությունից նշում են, որ վարույթի այս տեսակը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ոչ մեծ ծանրության հանցանքների վերաբերյալ քրեական գործերից, վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևի և տրամադրման կարգի սահմանմամբ կլուծվեն գործերի քննության անհարկի ձգձգումների և վարույթի մասնավոր մասնակիցների կողմից դրսևորվող չարաշահումների խնդիրները:
Օրենսդրական բարեփոխումներն արվել են քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացված մոնիտորինգի շրջանակում։
«Արմավիր» ՔԿՀ–ի ծառայողներից մեկը ձերբակալվել է