ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Նախարարը փետրվարի 12-13-ը աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին»,– ասված է հաղորդագրությունում։
Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։
Նշվում է, որ հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների և դրանց արդյունքների մասով։ Կդիտարկվեն նաև տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ հաշվի առնելով ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվելու է նաև Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը,, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանդես կգան համատեղ ասուլիսով, որն ուղիղ կհեռարձակվի Երևանի ժամանակով 17:00-ին։
Հիշեցնենք` Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի չորրորդ նիստը տեղի էր ունեցել 2022 թվականի մայիսին Բրյուսելում։