Երևանի Թբիլիսյան խճուղիում, նախնական տեղեկություններով, պայթյուն չի եղել։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է մոտավորապես 09:40-ին, դեպքի վայր է մեկնել 12 մարտական հաշվարկ։
«Այս պահի տվյալներով` տուժածներ չկան, 1 հրշեջ և 1 քաղաքացի են ծխահարվել, նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ Այրվում է պահեստային տարածք, որտեղ տարբեր ապրանքներ են պահվում, այդ թվում՝ սննդամթերք, շինանյութ»,- նշեց Սարգսյանը։
Դեռևս հայտնի չէ` պահեստային տարածքի որ հատվածից է հրդեհը սկսվել և ինչ հանգամանքներում, քննությունը կպարզի։
Նշենք, որ պահեստային տարածքը կամ առնվազն դրա մի մասը շահագործվում է «Գրին լայֆ» ՍՊԸ-ի կողմից, որը զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների վաճառքով։