ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Հայաստանում նպաստառու ընտանիքների թիվը 2023 թվականին 18 տոկոսով կամ 15799 ընտանիքով նվազել է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչի հաշվին է այս նվազումը եղել։ Ըստ ՄՍԾ-ի՝ պատճառը ոչ միայն ընտանիքների կենսամակարդակի բարձրացումն ու կյանքի դժվարին իրավիճակների թվի նվազումն է, այլև տարածքային կենտրոնների առավել թիրախային և մասնագիտական աշխատանքը։
«Այսինքն` սա միայն վարչարարության հաշվին, որ այն ընտանիքները պիտի նպաստ չստանան, բայց ստանում են, մենք գնացել ենք, հայտնաբերել ենք և հանել ցուցակներից»,- ասել է վարչապետը։
7-8 հազարով պակասել է նաև նպաստ ստանալու դիմողների թիվը։ Փաշինյանն իր հերթին նշել է, որ դիմող անձանց թվի նվազումը ևս մեկ տվյալ է, որը խոսում է տնտեսական աճի մասին։
Ծառայության 49 տարածքային կենտրոններն իրականացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 48,614 հրատապ առաջնային կարիքների գնահատում։ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 22 000 անձի հաստատվել և վճարվել են կենսաթոշակները, գրեթե 1200 անձի՝ նպաստները։
ՄՍԾ-ում նաև հայտնել են, որ սահմանամերձ համայնքներում 16 մլն դրամի տրամադրման միջոցով բնակարանների կառուցման ծրագրին փետրվարի 8-ի դրությամբ արդեն հաստատվել է 419 հայտ, որակավորվել է 214-ը։ Վարչապետը նշել է, որ այժմ այդպիսի միտում էլ կա, այլ բնակավայրերից մարդիկ գնում են սահմանամերձ գյուղում հող ձեռք բերում և ցանկանում դառնալ ծրագրի շահառու։
Նշենք, որ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ–ում եղել է 85 843 նպաստառու ընտանիք, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմել է 76 131։