Ռուսթավիում կրակոցներ արձակած տղամարդը շուկայի աշխատակից էր, զոհերից մեկը` տաքսու վարորդ

Վրացական ԶԼՄ-ները ներկայացրել են Ռուսթավիի շուկայում գրանցված միջադեպի ենթադրյալ պատճառները։
Sputnik
Ռուսթավի քաղաքի Ստամբուլյան շուկայում կրակոցներ արձակած տղամարդը շուկայի աշխատակից է եղել։ Տեղեկությունը հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ 4 քաղաքացու սպանության ու ևս մեկին վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա Գ.Օ.-ն։
Վարկածներից մեկի համաձայն՝ շուկայում միս վաճառող տղամարդը նախօրեին աշխատանքից ազատել է իր եղբորորդուն, ինչն էլ պատճառ է դարձել, որ վերջինս սպանի հորեղբորը: Եվս երկու մարդ պատահական զոհեր են դարձել, իսկ չորրորդ մահացածը տաքսու վարորդ է։ Ինչ վերաբերում է վիրավորին, ապա նրան տեղափոխել են կլինիկա։
Բժիշկ Խաթունա Ռևազիշվիլին լրագրողներին հայտնել է, որ վնասվածքներ ստացած 26-ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ տղամարդն իր հորեղբորից պարտքով միս է խնդրել և մերժում ստանալուց հետո սկսել է կրակել։
Լուրեր կան, որ կրակողը հոգեկան խնդիրներ է ունեցել։
Տեղում շարունակում են աշխատել դատաբժշկական փորձագետներն ու իրավապահները։