ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարրի – Sputnik. ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը կկայանա փետրվարի 13-ին Բրյուսելում։ Տեղեկությունը հայտնում է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը:
Կողմերը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի և գործընկերության առաջնահերթությունների շուրջ: Նրանք նաև կքննարկեն կողմերի գործընկերության առավել հավակնոտ ծրագրի առաջմղման հնարավորությունները։
Նրանք կանդրադառնան նաև քաղաքական երկխոսությանը և ժողովրդավարության ոլորտում բարեփոխումներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, տնտեսական, առևտրային համագործակցությանը, ինչպես նաև միգրացիային և մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարներին: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն քաղաքական հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերի, արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Գործընկերության խորհուրդը կգլխավորի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայկական պատվիրակությունը նիստին մասնակցում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ:
Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսին Բրյուսելում։