ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել Զեյթունի հանրակացարանի վերանորոգումը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Զեյթունի հանրակացարանը կվերանորոգվի, իսկ այդ ընթացքում շուրջ 200 ուսանող անօթևան կմնա։
«Զեյթունի հանրակացարանը գտնվում է շատ վատ վիճակում, և այնտեղ տարրական պայմաններ ապահովելու կարիք կա։ Նախարարությունը որևէ ուսանողի վերաբնակեցնելու որոշում չի կայացրել։ Ամբողջ գործընթացը կկազմակերպվի այնպես, որ նաև ուսանողների կեցության տեսանկյունից հնարավորինս հարմար տարբերակներ գտնվեն»,– ասաց նախարարը։
Անդրեասյանը նշեց, որ հանրակացարանի վերանորոգումը նախատեսված է պետական բյուջեով, համապատասխան մրցույթներն արդեն անցկացվել են, արդեն պետք է սկսվի շինարարությունը։
Ինչ վերաբերում է այնտեղ ապրող ուսանողների կեցության խնդրին, ապա նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել վերանորոգումը և ընթացիկ խնդիրներ չառաջացնել։