Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում. ՌԴ փոխարտգործնախարար

Չնայած բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով, նշել է Պանկինը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը ՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Հայաստանը հետևել Մոլդովայի օրինակին և մտածել Համագործակցությունից դուրս գալու մասին:
Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն Է ԱՊՀ-ում և համագործակցության շահագրգիռ անդամ, նշել է դիվանագետը:
«Որոշակի փուլում իսկապես տեղի է ունեցել Երևանի ակտիվության նվազում ԱՊՀ հարթակում։ Սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել. հայկական կողմը միացել է 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծամասնությանը, պաշտպանել Է Համագործակցության կանոնադրական մարմինների՝ անցյալ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները», - ասել է նա։
Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցային ճնշումը միայն ամրապնդում է Համագործակցությունում բազմակողմ կապերի ամրապնդման, այդ թվում ՝ տնտեսական ինտեգրման խորացման կարևորության գիտակցումը, ասել է դիվանագետը:
ԱՊՀ ձևաչափում առկա մեխանիզմները, որոնք թույլ են տալիս երկրներին ինքնուրույն որոշել կազմակերպության գործերում ներգրավվածության աստիճանը, պայմաններ են ստեղծում համագործակցության հետագա զարգացման համար, ընդգծել է նա:
Ավելի վաղ Մոլդովայի արտաքին քաղաքականության և եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դոյնա Գերմանը հայտարարել էր, որ հանրապետությունը վերջնականապես դուրս կգա ԱՊՀ-ից մինչև 2024 թվականի վերջը:
ԱՊՀ առաջնորդները շահագրգռված են, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի․ Լեբեդև
Մոլդովայի իշխանությունները 2022 թվականից սկսել են խոսել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի չեղարկման անհրաժեշտության մասին։ Նախարարությունները մտադիր են վերլուծել համագործակցության հետ բոլոր համաձայնագրերը և չեղյալ հայտարարել այն համաձայնագրերը, որոնք, իրենց գնահատականներով, դարձել են անարդյունավետ ՝ հույս ունենալով այդ համաձայնագրերը փոխարինել ԱՊՀ անդամ երկրների հետ երկկողմ պայմանագրերով: 2023 թվականին չեղյալ է հայտարարվել ԱՊՀ-ի հետ 35 համաձայնագիր, ինչպես նաև խորհրդարանը հավանություն է տվել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից (ՄԽՎ) դուրս գալուն։