ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանի որդու` 24 993 քմ տարածքով հողամասը վերադարձվել է պետությանը։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Հողամասը գտնվում է Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրում։ Վարդապետյանի խոսքով` ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն դատարանը կայացրել է վճիռ, որով անվավեր է ճանաչվել 2015 թ. Կոտայքի մարզպետի տեղակալի և Շահգելդյանի որդու միջև կնքված` այդ հողամասի առուվաճառքի պայմանագիրն ու նրա անունով արված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
«Վճռի համաձայն` 46 մլն 929 հազար շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակության հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը»,– ասաց Վարդապետյանը։
Նա անդրադարձավ այն խնդրին, որ շատ հաճախ դատախազության հասցեին մեղադրանք է հնչում, որ վաղեմության ժամկետները խախտվում են։
«Ժամկետները դեֆորմացված չեն ու համապատասխանում են միջազգային չափանիշներին` այլ երկրներում կատարված նմանատիպ հանցանքների ժամկետներին»,– վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ մյուս հարցը, որի համար ՀՀ իշխանություններն էլի շատ են թուքումուր ուտում, դա ապօրինի գույքի բռնագանձումն է։
«Մարդիկ մեզ մեղադրում են, թե ինչու հեղափոխությունից հետո գործիքները չենք վերցրել, գնացել ու հենց տեղում այդ ամենը բռնագանձել»,– ասաց նա։
Ըստ վարչապետի` ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով, և, ի վերջո, 2023 թ. առաջին ծիծեռնակները երևացին։