ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Այս տարվանից հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհում նախատեսված չէ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Գերատեսչությունը նշում է, որ սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններից՝ 18-20 միավոր: Կրթության 3-րդ աստիճանի ավարտին սովորողին տրամադրվում է «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ:
«Փոփոխությունները պայմանավորված են ընթացող կրթական բարեփոխումներով` հանրակրթության նոր չափորոշչի հաստատմամբ, որի հիմքում դրվել են կրթական համակարգի արդյունավետության կոմպետենցիաները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորումը»,– ասված է հաղորդագրությունում:
ԿԳՄՍՆ–ն միաժամանակ հիշեցնում է, որ գերազանցության մեդալի համար բուհական ընդունելության քննություններում արտոնություններ նախատեսված չէին: