ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Վարչական դատարանը դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ բավարարել է սփյուռքահայ դաշնակցական Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի։
Սյունեին, նրա հորը՝ Մասիս Աբրահամյանին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին և այլոց 2022 թվականի հուլիսին արգելվել էր մուտք գործել Հայաստան:
«Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը Սյունե Աբրահամյանի մասին տվյալները հանել Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից»,-մասնավորապես նշված է դատարանի որոշման մեջ։
ԱԱԾ-ից հօգուտ Սյունե Աբրահամյանի պետք է բռնագանձվի 10.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում պահից (փետրվարի 5 - խմբ.) մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Հավելենք, որ օրեր առաջ Մուրադ Փափազյանն ու Մասիս Աբրահամյանը ևս հաղթել են դատարանում։