Այս տարվա հունվարին ավելի քիչ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել, քան 2023–ի հունվարին

Զբոսաշրջիկները Հայաստանում
Նախորդ տարի հունվարին շուրջ 5000 զբոսաշրջիկ ավելի շատ է այցելել Հայաստան, քան այս տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Այս տարվա սկզբից Հայաստան է այցելել 154 000 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
«Համեմատության համար նշենք, որ 2023թ․ հունվարին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 159 հազար, իսկ 2022թ․հունվարին՝ 94 հազար»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ներկայացրած տվյալների` 2024 թվականի հունվար ամսին Հայաստան մուտք գործած զբոսաշրջիկների 60 տոկոսը տղամարդիկ են եղել, իսկ 40-ը` կանայք։
Նշվում է նաև, որ նույն այդ ժամանակահատվածում ամենաշատն այցելել են 35-44 տարեկան անձինք (33%-ը), այնուհետև 25-34 տարեկանները (18%-ը), 45-54 տարեկանները կազմում էին 17%-ը։ Մինչև 12 տարեկան երեխաները կազմում են 5%-ը, իսկ 65+ տարիքի անձինք` 3%-ը։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողօսեանը հայտնել էր, որ 2023 թվականին Հայաստան է այցելել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ։
Նա ընդգծել էր, որ Հայաստան այցելած անձանց 50 տոկոսը Ռուսաստանից են եկել, իսկ երկրորդ և երրորդ տեղերում Վրաստանն ու Իրանն են, այնուհետև ԱՄՆ–ից ժամանող սփյուռքահայերը։