Զինծառայող Արթուր Գրիգորյանի այրված դին գտել են կրակը մարելուց հետո. քրգործ է հարուցվել

Զինվորական սաղավարտ
Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հրդեհի և 39-ամյա պահեստազորային Արթուր Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային 39–ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանը։
Ըստ ՔԿ–ի ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։

«Դիրքի անձնակազմի կողմից կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող Արթուր Գրիգորյանի այրված դին»,– ասված է հաղորդագրությունում։

Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։
Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։