Վրաստանում օդապարիկի թռիչքն ավարտվել է ողբերգությամբ, որը մարդկային զոհերի է հանգեցրել։ Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման գծին։ Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիից 15 կմ դեպի հարավ–արևմուտք` Քվեմո Քարթլի շրջանի Ասուրեթի գյուղում։
Միջադեպի հետևանքով զոհվել է «Իմեդի» վրացական հեռուստաալիքի օպերատոր Միշո Բիձինաշվիլին։
Տարածված տեղեկատվության համաձայն` երեք մահացածների թվում երկու օդաչուներ կան, որոնցից մեկը Sky Travel ընկերության հիմնադիր, Վրաստանի օդանավավարության առաջին ակումբի օդաչու, Վրաստանի օդանավավարության ազգային ֆեդերացիայի նախագահ Ռևազ Ութուրգաուրին է։
Հայտնի է, որ օդապարիկը պետք է պտույտ իրականացներ Փոթի նավահանգստային քաղաքից Կախեթի շրջան` մինչև Ադրբեջանի հետ սահման։