Վարորդների տուգանքները կզեղչվեն. ԱԺ–ն ընդունեց նախագիծն 1–ին ընթերցմամբ

Խորհրդարանական ընդդիմության մի մասը դեմ, մյուս մասը` ձեռնպահ քվեարկեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. 63 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց վարորդական տուգանքները զեղչելու մասին նախագիծը։
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում նախատեսված այս փոփոխություններով, եթե քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների համար roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս։
Բացի այդ, եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70%-ը, մյուս մասը կհամարվի վճարված։
Ըստ նոր փոփոխությունների` եթե տուգանքների հետ կապված կուտակված պարտքեր կան, քաղաքացին իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50%-ը վճարելու դեպքում պարտքը կզրոյացնի։
Ի դեպ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկում նախագծին, սակայն 2–րդ ընթերցման ժամանակ կկողմնորոշվեն ինչպես քվեարկել` հաշվի առնելով իրենց առաջարկներին տրված լուծումները։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդաննյանն ի պատասխան հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունից այս նախագծի վերաբերյալ որևէ առաջարկ չի ներկայացվել։
Հստակ պետք է ձևակերպվի` զուգընկերը կին ու տղամարդն են. Նազարյանն ու Բաթոյանը բանավիճեցին
Ինչ վերաբերում է վեց ձեռնպահ ձայներին, ապա դրանք «Պատիվ ունեմ» խմբակցությունից էին։
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», ինչպես նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը։