ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Embodied, Inc. ընկերության հիմնադիր Պաոլո Պիրջանյանը ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտի զարգացման մեծ ներուժ է տեսնում Հայաստանում։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտի զարգացումը: Այդ համատեքստում նա ընդգծել է նաև ոլորտում գործունեություն ծավալող մեր հայրենակիցների հետ սերտ համագործակցության ու առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը:
Պիրջանյանը վստահեցրել է, որ պատրաստ է նպաստել բնագավառի հետագա զարգացմանն ու առաջընթացին:
Քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության և ռոբոտաշինության բնագավառներում նոր ծրագրերի իրականացմանը, կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` Պաոլո Պիրջանյանի ընկերության արտադրած Մոքսի ռոբոտը այս տարվա հունվարին Լաս Վեգասի CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցանակաբաշխությունում «Արհեստական բանականություն» անվանակարգում գլխավոր մրցանակ է ստացել: