«Մայր Հայաստանը» ավագանու իր անդամներին մանդատից զրկելու հարցը կվիճարկի դատարանում

Քաղաքական ուժը դատապարտում է ավագանու անդամներին մանդատներից զրկելու որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. «Մայր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է դատական կարգով վիճարկել իր անդամներին Երևանի ավագանու մանդատներից զրկելու հարցը։ Այս մասին «Մայր Հայաստանը» հայտարարություն է տարածել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշվել է «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին զրկել Երևանի ավագանու անդամակցությունից:
«Մայր Հայաստանը» գրում է, որ այդ որոշումը կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, դրան կից խմբակցության՝ «Հանրապետության» և «Հանրային ձայնի» 2 անդամի համատեղ գործողություններով:
«Ակնհայտ է, որ գործ ունենք կուլիսային և ապօրինի գործընթացների հետ: Առկա է նաև «Մայր Հայաստանի» դեմ քաղաքական հետապնդման բացահայտ դրսևորում: «Մայր Հայաստանը» դատապարտում է ավագանու անդամներին մանդատներից զրկելու քստմնելի, ոչ լեգիտիմ ու հակաժողովրդավարական որոշումը և այն վիճարկելու է դատական կարգով»,– ասված է հայտարարության մեջ։
Քաղաքական ուժը վստահ է` որոշումն ակնհայտորեն կայացվել է Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացմանն ընդառաջ։ Նշվում է, որ պայքարելու են քաղաքային տրանսպորտի և մյուս ծառայությունների գների բարձրացման դեմ:
Երևանի ավագանու ընդդիմադիր 2 անդամ չզրկվեցին մանդատներից. ձայները բավարար չէին
«Մայր Հայաստանը» վստահեցրել է` թույլ չեն տալու նաև Ալիևի թելադրած օրակարգով սահմանադրական փոփոխություն, որը ՀՀ պետականության հիմքերի ոչնչացման համար է իրականացվում։ Ընդգծել են` շարունակելու են տեղական ու համապետական մասշտաբով Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացմանն ուղղված քայլերը։