ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Պաշտպանության նախարարությունը բավարարել է Գագիկ Գինոսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ դիմումը՝ հաշվի առնելով նրա մարտական ուղին»,– ասաց Թորոսյանը։
Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր նախաձեռնություն էր սկսվել` օգտատերերը ՀՀ կառավարությունից պահանջում էին, որ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։
Հիշեցնենք` Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից։