ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանու արտահերթ նիստում 32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին չկարողացավ զրկել ավագանու մանդատից։
«Նախագիծը չի ընդունվել, որովհետև չի հավաքել բավարար չափով ձայների քանակ»,– ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
31 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ էլ չընդունվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը։ Նա չզրկվեց ավագանու մանդատից։
Նշենք, որ ավագանին ունի 65 մանդատ. որպեսզի օրինագիծն ընդունվի, անհրաժեշտ է առնվազն 33 ձայն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձայների մեծամասնությամբ ավագանու մանդատից զրկվեցին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը և «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։