ՔՊ-ականները Փաշինյանից պահանջում են հեռացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»

Ըստ օրաթերթի` ՔՊ-ում կարծում են, որ պետք է վերջ դրվի Ալեն Սիմոնյանի շուրջ ձևավորված ամենաթողության մթնոլորտին, քանի որ դա ՔՊ–ի վարկանիշին է հարվածում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները թիմի ներսում ծպտյալ և բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ իշխանականներն այս հարցը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ են դրել:
Ըստ ՔՊ-ականների՝ Ալեն Սիմոնյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք բազմիցս հայտնվել են սկանդալների կենտրոնում, բայց մնացել են անպատիժ:
Ըմբոստություն Փաշինյանի որոշման դեմ. քաղտեխնոլոգը` կոռուպցիոն սկանդալի արձագանքների մասին
Ընդգծվում է, որ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաալիքը՝ Freenews TV-ն, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, օրեր առաջ կալանավորվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Նա մեղադրվում է պաշտոնատար անձանց օժանդակելու մեջ։
«Ալեն Սիմոնյանը դեռ նախորդ տարի՝ ապրիլին, Երևանի կենտրոնում թքեց քաղաքացու վրա, մնաց անպատիժ՝ չնայած հանրության շրջանում ձևավորված խիստ դժգոհություններին: Իսկ հիմա, երբ հարցը հասել է կոռուպցիային, Ալեն Սիմոնյանը պետք է գոնե հիմա պատժվի»,–գրում է «Ժողովուրդը»։
Ընդգծվում է, որ Փաշինյանն իր թիմակիցներին բազմիցս զգուշացրել է, որ կոռուպցիոն գործընթացներում ներգրավվելը չի ներվելու ոչ մեկին, իսկ հիմա Ալեն Սիմոնյանը ներվում է:
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց
Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իշխանության ներսում պայքար կա 2026թ.-ի ընտրություններին ընդառաջ։
«Ալեն Սիմոնյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը և էլի մի քանիսը սկսել են իրենց պատկերացնել Նիկոլ Փաշինյանին փոխարինողի դերում՝ առաջինը՝ ռուսական, երկրորդը՝ արևմտյան աջակցությամբ: Եվ այնքան լուրջ են վերաբերվել իրենց պատկերացումներին, որ սկսել են իրար վրա իշխանական կուլիսներում ցեխ շպրտել»,–գրում է օրաթերթը։
Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ փորձել է Նիկոլ Փաշինյանի մոտ նսեմացնել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի դերը, վերջինս էլ իր հերթին է Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել՝ ուղղություն տալով, որ «Սիներջի» ընկերության մրցութային գործընթացներում Ալեն Սիմոնյանի ընտանիքը մասնակցություն ունի, որի արդյունքում իրավապահները հետքի վրա են դուրս եկել: