«Մեգամոլում» դանակահարություն կատարած անձի ինքնությունը պարզվել է. ՔԿ

Ոստիկանությանը տրվել է տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։ Նա Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա տղամարդ է: Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
«Որոշում է կայացվել դատարան ներկայացնելու համար 36-ամյա տղամարդուն ձերբակալելու վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությանը տրվել է տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հանցագործության ամբողջական հանգամանքները, այդ թվում նաև կատարվածի շարժառիթը պարզելու ուղղությամբ։
Դանակահարություն «Մեգամոլում»
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարված տղամարդը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հիշեցնենք` փետրվարի 4-ին, հայտնի դարձավ, որ առևտրի կենտրոնում դանակահարություն է եղել, պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլի» երկրորդ հարկում գործող արագ սննդի հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։ Տուժածը նշված վայրում եղել է կնոջ և երեխայի հետ, երբ մի տղամարդ մոտեցել է նրան և, առանց որևիցե բան ասելու, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով 3-4 հարված է հասցրել և փախել։