Ադրբեջանում ԵՄ դեսպանը հերքել է ՀՀ–ում ԵՄ դիտորդների հասցեին մեղադրանքները

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԵՄ առաքելության ներկայությունն ուղղված է կայունության խթանմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միչալկոն հերքել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին մեղադրանքները, որոնք իբր թե ինչ-որ բան են ծրագրում Ադրբեջանի դեմ։ Այս մասին նա գրել է X—ի միկրոբլոգում։
Նա հիշեցրել է, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական է և անզեն։
«Ցավում եմ, որ վերջին օրերին Ադրբեջանում որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին»,– գրել է նա։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԵՄ առաքելության ներկայությունն ուղղված է կայունության խթանմանը և վստահության ամրապնդմանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվել էր 100 անձից բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ երկու տարի ժամկետով, որը վերահսկում էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Երրորդ երկրներից առաքելությանը միացել է Կանադան, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այլ երկրներ։
2023 թվականի սեպտեմբերին առաքելության շտաբ է բացվել Եղեգնաձորում։
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշում են ընդունել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: