ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ Երևանի Էրեբունի վարչական շրջանում պայթյունից մահացած ամուսինները Վարդաշեն թաղամասից էին, շուրջ երկու տարի վարձով ապրում էին Նոր Արեշում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասացին հարևանները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փլատակներից ամուսինների դիեր են դուրս բերվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` մահացածներն են 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։
Հարևանների խոսքով՝ երեխաներ չունեին, միայնակ էին ապրում։
Նրանք նաև պատմեցին, որ 30-ամյա Հրանտ Սարգսյանը, որին փլատակներից առաջինն էին դուրս բերել, հոգեկան խնդիրներ է ունեցել ու տանը միայնակ էր ապրում: Հարևանների խոսքով՝ հարազատները վախենում էին նրա հետ մի հարկի տակ ապրել:
Փլատակներից դուրս բերված 85-ամյա Ռոզա Նազարյանի թոռն էլ ասաց, որ տատիկն առանձին է ապրել, հարևան տանն էլ՝ որդիներից մեկը: Երկուսի տունն էլ փլուզվել է: Թոռան խոսքով՝ դեռ չգիտեն՝ որտեղ են ապրելու, ինչ են անելու:
Հիշեցնենք` այսօր` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են։
Ավելի վաղ փրկարարները փլատակներից դուրս էին բերել Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները կնոջ առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ տղամարդունը՝ ծանր։
Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք» հոդվածով։