ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Գորիսում օրեր առաջ հնչած կրակոցների հետևանքով տուժել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվտանգության պետի եղբայրը` Ալիկ Աբրահամյանը։ Տեղեկությունը հայտնում է Armlur.am–ը։
ԶԼՄ–ի տեղեկություններով` Գորիսում հնչած կրակոցի մասնակիցները երկար տարիների թշնամանք ունեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 2-ին կրակոցներ են հնչել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է ժամը 12:20-ի սահմաններում։
«Վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Մհեր Մուսայելյանը, որը եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով, նա կրակոցներ է արձակել 49-ամյա Նիկոլայ Աբրահամյանի վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ պահին ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Աբրահամյանի ուղղությամբ երթևեկող նրա եղբայրը՝ 41-ամյա Ալիկ Աբրահամյանը, մոտեցել է նրանց և փորձել միջամտել։ Հենց այդ ժամանակ Մուսայելյանը կրակոցներ է արձակել նաև նրա ուղղությամբ»,– գրում է պարբերականը։
Նշվում է, որ կրակոցների հետևանքով վերջինս «ձախ ազդրոսկրի միջին ստորին երրորդականի հրազենային, գնդակային կույր վիրավորում, ձախ ազդրոսկրի դիաֆիզի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք, ոսկրային ֆրագմենտների տեղաշարժում, ազդրոսկրի ստորին երրորդական մակարդակի փափուկ հյուսվածքներում մետաղական օտար մարմին» վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես եղել են կրակոցի հետքեր։