ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մահացել են 2 օդաչուն, վիրավորվել է տեխնիկական բաժնի ոստիկանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Յերլիկայան։
Նրա խոսքով` ոստիկանության գլխավոր վարչության ավիապարկի ուղղաթիռն ընկել է Նուրդաղի շրջանի Քարթալ գյուղի մոտակայքում։
Ուղղաթիռը Հաթայ օդանավակայանից թռիչք էր կատարում դեպի Գազիանթեփի օդանավակայան։ Վերջին անգամ անձնակազմը կապի էր դուրս եկել ժամը 22։49-ին (Երևանի ժամանակով 23։49-ին)։
Ուղղաթիռի կործանումից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել Ազգային բժշկական փրկարարական ծառայության բրիգադներ, փրկարարներ, ինչպես նաև ժանդարմերիայի և Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության աշխատակիցներ։ Տուժած ոստիկանը հոսպիտալացվել է։