ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայտնի ՏՏ գործարար Դավիթ Յանը գլոբալ շուկայում պատրաստվում է ներկայացնել նոր պրոդուկտ` «թվային աշխատողներ» (digital employees): Երևանում կայացած AI for Business («Արհեստական բանականությունը բիզնեսի համար») համաժողովի ժամանակ նա այս մասին նշեց Sputnk Արմենիայի հետ զրույցում։ Այդ «աշխատողները» մի քանի քայլ առաջ են բոլորին արդեն հայտնի չատ-բոտերից և զինված են արհեստական բանականության բարդ գործիքակազմով։
«Աշխատողաստեղծ» նոր հարթակը փորձնական (beta) տարբերակով շահագործվում է մոտ մեկ ամիս, դրանով արդեն ստեղծվել են առաջին 70 «աշխատողները»։ Լիարժեք օգտագործման համար համակարգը նախատեսվում է բացել փետրվարի վերջին, իսկ Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբանների գնահատականներով՝ մոտակա չորս տարում այդ «աշխատողների» քանակը ողջ աշխարհում կհասնի 300 միլիոնի։
Եթե չատ-բոտին տեքստ են ուղարկում ու պատասխան ստանում, ապա «թվային աշխատողը» կկարողանա լուծել ավելի բարդ խնդիրներ. նրան հնարավոր կլինի զանգել, գրել, անգամ «աշխատացնել» հյուրանոցների կամ գրասենյակների ընդունարաններում (reception-ներում)` տեղավորելով դրանց արհեստական «ուղեղը» ռոբոտի մեջ։
«Թվային աշխատողին կարելի է, օրինակ, զանգել ու ասել` տես, հիմա մարդ կգա, հետը կխոսես ու նրա համար այսինչ ռեստորանում սեղան կամրագրես, համ էլ նրան նվեր է պետք առնել, առաքիչ կուղարկես, որ գնա, բերի։ Դրանից բացի, չատ-բոտը ոչինչ չի անում, քանի դու նրան չես հարցրել, իսկ digital employee-ն կլինի պրոակտիվ, և եթե դուք նրա առջև դրել եք որոշակի նպատակ, նա ինքուրույն կկարողանա որոշումներ կայացնել կամ առաջարկել», – ասում է Յանը։
Այդ «աշխատողին» կարելի է միացնել ամրագրման (booking) կամ ֆինանսական հաշվառման համակարգին, և նա կկարողանա, օրինակ, ինքնուրույն վերլուծել, թե տվյալ ընկերությունում ինչպիսի ապրանքներ ունեն վաճառքի չօգտագործված պոտենցիալ, որից հետո ինքնուրույն կկազմի դրանց շուկայահանման պլանն ու կկատարի այն։
«Կարելի է ասել` սա կլինի հեռակա աշխատող առանց մարմնի։ «Մարմինը» կարելի է ավելացնել ռոբոտի տեսքով, այս ուղղությամբ մենք արդեն համագործակցում ենք մի շարք ընկերությունների հետ», – ասաց Յանը։
Նրա գործընկերներից մեկն է հայազգի ամերիկաբնակ hi-tech գործարար Պաոլո Փիրջանյանը, որի Embodied ընկերությունը վերջերս ԱՄՆ շուկա է հանել Moxie ռոբոտներին (որոնց վարքագիծը ևս կառավարվում է արհեստական բանականությամբ)։ Հիշեցնենք, ինքը` Յանը ունի չինական և հայկական արմատներ, Հայաստանում հայտնի է որպես «Այբ» կրթական հիմնադրամի դոնոր, իսկ աշխարհում` որպես ABBYY ընկերության համահիմնադիր (սակայն ներկայացված նախագծի համար նա, գործընկերների հետ, հիմնադրել է Newo.ai ընկերությունը)։
Նոր նախագիծը, հստակեցնում է Յանը, ոչ թե պատվերով «աշխատողներ» կստեղծի, այլ կառաջարկի հարթակ, որտեղ յուրաքանչյուր ոք կկարողանա դրանք ստեղծել սեփական ընկերության համար (ինչպես, օրինակ, WordPress–ը տալիս է գործիք կայք ստեղծելու համար)։