ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կանի այն, ինչ անհրաժեշտ է համարում Հորդանանում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակմանն ի պատասխան, սակայն Միացյալ նահանգները չի պատրաստվում պատերազմի մեջ ներքաշվել։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Սպիտակ տունն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ չի ձգտում Իրանի հետ պատերազմի կամ այլ զինված հակամարտության մերձավորարևելյան տարածաշրջանում: Բայդենը նաև հավաստիացրել է՝ ԱՄՆ-ն «լայնամասշտաբ պատերազմ» չի ցանկանում։
ԱՄՆ-ն Հորդանանում իր ռազմաբազայի վրա հարձակման պատասխան հարվածների շրջանակներում Ավելի վաղ խոցել է ավելի քան 85 թիրախ, որոնք պատկանում են Իրաքում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դրա հետ կապված կազմավորումների ուժերին:
ԱՄՆ-ի թիրախ են դարձել ԻՀՊԿ-ի օբյեկտները և դրա հետ կապված խմբավորումները։ Հարվածները հասցվել են փետրվարի 2–ին, հայտնել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը: Ինչպես հայտարարել են ամերիկացի զինվորականները, ամերիկյան ավիացիայի կողմից խոցված թիրախների թվում են հրամանատարական կետերը, հետախուզական կենտրոնները, հրթիռների և անօդաչուների պահեստարանները, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում և Սիրիայում ԻՀՊԿ - ի և նրա դաշնակից կազմավորումների համար զինամթերքի մատակարարման շղթաների աշխատանքի ապահովման գործում:
Անցած հանգստյան օրերին Հորդանանի ռազմակայանում ամերիկյան զորքերը հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից: Պենտագոնի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք զինծառայող, ավելի քան 40-ը վիրավորվել են:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը Վաշինգտոնը դրել է նաև Իրանի վրա։