Ի՞նչ խնդիրներ ունի էլեկտրոնային հայցադիմումների ծրագիրը. բարձրաձայնում է փաստաբանը

Արամազդ Կիվիրյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Կիվիրյանը վստահ է, որ համակարգն այսպիսի տեսքով, ոչ թե դյուրացնելու է աշխատանքը, այլ խնդիրներ է ստեղծելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Քաղաքացիական հայցերի դեպքում դատարան ներկայացվող դատավարական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգը, որը սկսել է գործել փետրվարի 1-ից, ունի բազմաթիվ թերություններ, որոնք խոչընդոտներ են ստեղծելու պրակտիկ աշխատանքի ընթացքում։ Իր մտահոգությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամազդ Կիվիրյանը։
Փաստաբանին վրդովեցնում է այն փաստը, որ համակարգը գործի է դրվել առանց լիարժեք պատրաստվելու։
«Շատ կարճ ժամանակ են տվել փաստաբաններին ծանոթանալու այդ ծրագրին, ընդ որում, չեն տվել մուտքի հնարավորություն։ Մի քանի դասընթաց են անցկացրել մեզ հետ` չպատասխանելով կոնկրետ որևէ հարցադրման։ Այնպես որ, սա շատ հում պորդուկտ է, այն պարզապես ներդրվել է, ու ժամանակի ընթացքում նրանք փորձելու են կատարելագործել։ Կստացվի, թե ոչ` չեմ կարող ասել, բայց այս պահի դրությամբ բազմաթիվ հարցեր կան»,– ասաց նա։
Ըստ փաստաբանի` բաց է մնում այն հարցը, թե ինչպես պետք է այս համակարգում իրենց էլեկտրոնային ստորագրությունը թողնեն ՀՀ քաղաքացիություն ու ID չունեցող փաստաբանները։ Մեկ այլ խնդիր է, որ յուրաքանչյուր հայցին հնարավոր է կցել 5 փաստաթուղթ, այնինչ, ըստ փաստաբանի, երբեմն փաստաթղթերն ավելի շատ են լինում։ Փաստորեն դրանք կմնան թերի։
Արամազդ Կիվիրյանը հիշեցնում է, որ Հայաստանում 350 դատավոր ու 3000-4000 փաստաբան է աշխատում, որոնց մեծ մասն այս պահին չգիտի` ինչպես ճիշտ օգտվել այդ ծրագրից։ Արդյունքում, փաստաբանի պնդմամբ, տուժելու է քաղաքացին։
«Սկսենք նրանից, որ դատավորներին չեն տրամադրել համակարգիչներ։ Ինչպե՞ս են նրանք օգտվելու այդ ծրագրից, պարզ չէ։ Ես ինքս անձամբ դեռ չեմ օգտվել, ինչ-որ չափով պատկերացում ունեմ` ինչպես, բայց պրակտիկորեն չեմ կիրառել։ Երբ կիրառեմ, ավելի շատ խնդիրներ կգտնեմ, վստահ եմ»,– ասաց նա։
Կիվիրյանը նշեց, որ այսպիսի տեսքով համակարգը, ոչ թե դյուրացնելու է աշխատանքը, այլ միայն խնդիրներ է ստեղծելու։
Նշենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում 2023 թվականի դեկտեմբերին կատարված փոփոխության ուժով՝ 2024 թվականի փետրվարի 1-ից ՀՀ դատարաններում նոր մուտքագրվող քաղաքացիական գործերն ամբողջությամբ վարվելու են էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 1-ից սկսած՝ նոր քաղաքացիական գործերով դատարան ներկայացվող բոլոր դատավարական փաստաթղթերը պետք է կազմվեն և ներկայացվեն համակարգի միջոցով՝ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան: