ԱՄՆ-ի հարվածներն Իրաքին ու Սիրիային սպառնում են Մերձավոր Արևելքի անվտանգությանը. Իրանի ԱԳՆ

Նասեր Քանանին. Արխիվային լուսանկար
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը մեկնաբանել է Սիրիայի և Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի հարվածներն Իրաքի և Սիրիայի տարածքներին սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային մակարդակով խաղաղության և անվտանգության համար, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«ԱՄՆ-ի ռազմական հարվածներն Իրաքին, Սիրիային և Եմենին միայն ապահովում են իսրայելական ռեժիմի նպատակների իրագործումը․.. Այս հարձակումներն ԱՄՆ կառավարությանը ավելի շատ են ներքաշում տարածաշրջանում հակամարտության մեջ։ Նման միջադեպերի շարունակումը սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային մակարդակով խաղաղության և անվտանգության համար», – նշել է Քանանին։
Իրանցի դիվանագետը նշել է, որ Թեհրանն ընդգծում է միջազգային հանրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատասխանատվությունը տարածաշրջանին ԱՄՆ-ի անօրինական ու միակողմանի հարվածները կանխելու և ճգնաժամ կանխելու հարցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը (CENTCOM) անցած գիշեր ավիահարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում: CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ հարձակումներն իրականացվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտների և դրանց հետ կապված աշխարհազորայինների խմբավորումների վրա: Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ավիահարվածները երկրի արևելքում հանգեցրել են զոհերի խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում, ինչպես նաև մեծ վնաս են հասցրել պետական և մասնավոր սեփականությանը:
ԱՄՆ-ն սադրում է Կիևին շարունակել հակամարտությունը. Պեսկով