Տաք, բայց բավարար տեղումներով փետրվար. Սուրենյանը եղանակային կանխատեսումներ է արել

Գագիկ Սուրենյան
Փետրվարի 4-ից սկսած հարավարևմուտքից Հայաստան են սկսում ներթափանցել տաք օդային հոսանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Փետրվար ամսին հանրապետության ողջ տարածքում օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր 3–ից 4 աստիճանով, տեղումները կլինեն նորմային համապատասխան։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Սպասվում է տաք, բայց բավարար տեղումներով եղանակ։ Փետրվարի 4-ից սկսած հարավարևմուտքից Հայաստան են սկսում ներթափանցել տաք օդային հոսանքներ։ Փետրվարի 4-ից 6-ը և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 10–ից 12 աստիճանով»,– ասաց Սուրենյանը։
Ըստ կանխատեսումների` փետրվարի 7-ի ցերեկը Արարատյան դաշտում կլինի 12–ից 13 աստիճան տաքություն, Երևանում` 10-ից 12, իսկ Սյունիքում` 16-ից 18։ Առանձին տեղերում կգրանցվի անգամ մինչև 20 աստիճան։
Ինչ վերաբերում է տեղումներին, ապա մինչև փետրվարի 4-ը հանրապետությունում կպահպանվի առանց տեղումների եղանակ։
«Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, իսկ 6-ին նաև շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, իսկ առանձին շրջաններում կդիտվի ձյուն»,– ասաց նա։
Ամփոփելով հունվար ամիսը Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բարձր 4-ից 6 աստիճանով։
Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Կապանում` +22 աստիճան։ Իսկ հունվարի 31–ին Աշոտցքում գրանցվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը՝ -32 աստիճան։
«Տաք հունվարը ուղեկցվել է նաև տեղումներով, տեղումների ամսական քանակը նորմայից ավել է եղել բոլոր մարզերում»,– ասաց նա։
Ի դեպ, այս պահին բնակավայրերից ամենաբարձր ձյան ծածկը Ջերմուկի հատվածում է `95 սմ։