ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. «Մայր Հայաստան» խմբակցությունը, չնայած ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ արվող քայլերին, միևնույնն է` իրացնելու է այն մանդատները, որոնք ստացել է երևանցիներից։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի մոտ հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
«Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները տոտալ հարձակման են անցել «Մայր Հայաստան» խմբակցության դեմ։ ՀՀ իշխանության քայլերը համարում ենք քաղաքական հետապնդում մեր խմբակցության նկատմամբ, ինչպես նաև իրավական «բեսպրեդել»»,- նշեց Թևանյանը։
Նա հիշեցրեց, որ «Մայր Հայաստանի» նկատմամբ առաջին քայլը, որ տեղի ունեցավ, դա ավագանու անդամ Նարինե Հայրապետյանին էր առնչվում, որը սպառնալիքներ էր ստանում իր քաղաքական գործունեության հետ կապված։ Վերջինս դիմել էր ոստիկանություն, որտեղ հաղորդում էր ներկայացրել։
Սակայն, ըստ Թևանյանի, ոստիկանություն դիմելուց հետո ճնշումների արդյունքում հրաժարվել է իր ցուցմունքից, ապա լքել Հայաստանը։ Երկրորդ դեպքը, որին անդրադարձավ քաղաքական գործիչը, վերաբերում էր ավագանու մեկ այլ անդամի՝ Արշակ Սարգսյանին, որին Աջափնյակ վարչական շրջանում առանց պետհամարանիշի մեքենայով օրեր շարունակ հետապնդել են։ Սարգսյանը դիմել է ոստիկանություն, ինչից հետո միայն հայտնաբերվել է այդ մեքենան, որտեղ գտնվող անձինք բերման են ենթարկվել։ Դեռևս պարզ չեն հետապնդողները և նրանց արարքի պատճառները։
Ըստ Թևանյանի` իրենց խմբակցության վրա ՀՀ իշխանության վերջին «հարձակումն» էլ այն է, որ ՔՊ-ն «Հանրապետություն» խմբակցության հետ ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնել, որի ժամանակ քննարկվելու է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության 4 անդամի, ինչպես նաև «Ազգային առաջընթաց» խմբակցության 1 ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խոսքը Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի և Հայկ Մարությանի մասին է։
Թևանյանը վստահեցրեց՝ ՀՀ իշխանությունը պայքարում է բոլոր այն ուժերի և անհատների դեմ, որոնք իրենց ընդդիմախոսներն են ու դուրս են վերահսկողությունից։
«Մեկին բանտ են նստեցնում, մեկին ահաբեկում են, մյուսին էլ մանդատից են փորձում զրկել։ Մեր հանրությունը պետք է այս ամենի մասին տեղյակ լինի ու հասկանա, որ սրանք «Ասե՛ք, կանե՛նք»-ի շրջանակներում միայն թանկացումներ են ապահովում։ ՔՊ-ականները գիտեն, որ հիմա տրանսպորտի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանալու, երբ թանկացումներ լինեն և վստահ են՝ չենք ենթարկվելու այդ պրոցեսներին ու պայքարելու ենք դրա համար։ Սեփական որոշումներն իրականացնելու համար նման կերպով փորձում են ահաբեկել մեզ, իսկ մենք դատապարտում ենք իրենց որոշումները»,- նշեց Թևանյանը։
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավարը հերթական անգամ ընդգծեց՝ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար է ստանձնել, քանի որ քվորում չի ապահովվել երդման արարողության ժամանակ։ Խմբակցությունն այդ հարցով դիմել է դատարան և մինչև մարտի 5-ը պետք է փաստաթղթեր ներկայացվի քաղաքապետարան, որպեսզի հենց այդ օրը տեղի ունենա այդ գործով նախնական դատական նիստը։
Հիշեցնենք` Երևանի ավագանին պատրաստվում է փետրվարի 5-ին արտահերթ նիստ անցկացնել, որի ընթացքում էլ կքննարկվի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Գևորգ Ստեփանյանին, Զարուհի Փոստանջյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին ավագանու լիազորությունից վաղաժամկետ զրկելու հարցը։
Նախագծերը ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Մարատ Թոխյանը, Նատալյա Սինորյանը, Արմեն Գալջյանը, Լևոն Լևոնյանը, Դիանա Քերոբյանը, Հայկ Միրզոյանը, Արման Հարությունյանը և «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։