ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն զենք–զինամթերքի դիվերսիֆիկացիա ապահովելու խնդիր է դրել իր առաջ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այս պրոցեսը կարող եմ համարել անդառնալի` դրական առումով, որովհետև հարուցված պրոցեսները էապես փոխելու են վաղվա օրվա մեր բանակի, սպառազինության որակը։ Զենք ձեռք բերելը նաև ենթադրում է նոր կադրերի պատրաստում, զենքի նոր տեսակները պահանջում են լեզուների իմացություն, հարմարվողականություն, և մեր բանակը գնում է այս ճանապարհով։ Սա շատ դժվար, բայց կարևոր է: Ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքն առաջին հերթին Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց նաև կան այլ երկրներ»,– նշեց նա։
Դիտարկմանը, որ մեր երկրին մեղադրում են, թե զենք գնելով պատրաստվում է ռևանշի և հարձակման, Պապիկյանը պատասխանեց` ՀՀ–ն որևէ երկրի նկատմամբ նկրտում չունի, որևէ տարածքային պահանջ չունի։
«Մեր զինված ուժերի նպատակը և առաքելությունը ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»,– ընդգծեց նա։
Նշենք, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հնդկական ԶԼՄ–ները բազմիցս գրել են Երևանի և Նյու Դելիի միջև ռազմատեխնիկական խոշոր գործարքների մասին։ Ըստ այդ աղբյուրների` Հայաստանը գնել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, տարբեր հրետանային միջոցներ, զենիթահրթիռային համալիրներ։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել պաշտպանական գործարքների մասին հրապարակումները։
Իսկ ըստ ֆրանսիական պաշտոնական աղբյուրների` Երևանը Փարիզի հետ երեք GM200 ռադիտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։