Գուցե ճիշտ է այն տեսակետը, որ հանրային ոլորտում աշխատողներն ավելի պաշտպանված են.Արշակյան

Sputnik
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անցած տարի մոտ 580 դիմում-բողոք է ստացել, որոնք վերաբերել են աշխատանքային իրավունքների ենթադրյալ խախտումներին։ Ըստ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանի՝ միշտ չէ, որ հիմնավորվում է գործատուի կողմից խախտում անելու փաստը։
«Խախտումների մի մասը պայմանավորված է գործատուների կողմից օրենսդրության չիմացությամբ։ Ստացված դիմում-բողոքների և հարուցված վարչական վարույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական խախտումները վերաբերում են աշխատանքային պայմանագրերը անհիմն լուծելուն, վերջնահաշվարկ չկատարելուն, չօգտագործված ամենամյա արձակուրդների դիմաց, աշխատանքից ազատելուց հետո փոխհատուցում չտրամադրելուն»,-մանրամասնում է Արշակյանը։
Մասնագետը փաստում է` միշտ չէ, որ աշխատողները բարձրաձայնում են իրենց իրավունքների խախտումների մասին, երբ գտնվում են փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ։
Ըստ Ալվարդ Արշակյանի` իրենց իրավունքների մասին իրազեկման պակաս կա նաև աշխատողների շրջանում, և աշխատանքային իրավունքների ոտնահարման պատճառներից մեկն էլ դա է։
«Անցած տարի ստացված դիմում-բողոքների զգալի մասը մասնավոր հատվածից է, հետևաբար` գուցե ճիշտ է այն տեսակետը, որ հանրային ոլորտում աշխատողներն ավելի պաշտպանված են»,-նկատում է Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետը։