Ժողովուրդը կորոշի՝ հրաժարվենք Անկախության հռչակագրից, թե ոչ․ Վլադիմիր Վարդանյան

Վլադիմիր Վարդանյան
Ըստ Վարդանյանի՝ սահմանադիրն է որոշում կայացնելու՝ առհասարակ նոր Սահմանադրություն կլինի, թե ոչ և ինչպիսին կլինի այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Նոր Սահմանադրություն կլինի, թե ոչ, այդ նոր Սահմանադրության տեքստն ինչպիսին կլինի, արդյոք այնտեղ կլինի Անկախության հռչակագրի դրույթներին հղում, թե ոչ՝ որոշելու է ժողովուրդը՝ սահմանադիրը։ Այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Ըստ նրա՝ Սահմանադրությունը երկու ձևով է պետք դիտարկել՝ որպես բուն տեքստ և որպես քաղաքացիների կամք։ Նրա կարծիքով՝ Սահմանադրությունն ապրող փաստաթուղթ է, հասարակական հարաբերությունների զարգացման որոշակի փուլում կարիք է առաջանում սահմանադրի կարծիքը սահմանադրի քվեի առկայության պարագայում փոփոխելու կամ վերանայելու։
«ՀՀ-ն ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ անկախությունից հետո քննարկում է իրականացնում ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ նոր Սահմանադրության տեքստի հետ կապված»,- ասաց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից բարձրաձայնվող կասկածներին, որ նոր Սահմանադրության մեջ չի լինելու հղում «Անկախության հռչակգրին», Վարդանյանը նկատեց՝ գործող Սահմանադրության մեջ կա հղում ոչ թե Անկախության ամբողջ հռչակագրին, այլ առանձին դրույթներին, և դա արվում է ոչ թե հիմնական տեքստում, այլ՝ նախաբանում։ Այն, թե նոր Սահմանադրության մեջ հղումը կլինի, թե ոչ, կամ կլինի ավելի մեծ կամ փոքր ծավալով, որոշելու է ժողովուրդը։
Սահմանադրության ազգային հոդվածների գլխին առկախված է վերացման վտանգ․ սահմանադրագետ
«Միշտ դեմ եմ եղել Սահմանադրությունը շաբաթը մեկ փոխելու փորձերին, դեմ եմ նաև Սահմանադրությունը որպես «սրբազան կով» դիտարկելուն։ Ապրող փաստաթուղթ է, այն պետք է ապրի և զարգանա»,- ասաց Վարդանյանը։
Նա նաև հավելեց, որ նոր Սահմանադրության տեքստի ստեղծման վերաբերյալ վերջնական որոշում չկա, կան գաղափարներ, որոնք քննարկվում են։