«Ոռոգման համակարգը պարտքերի տակ ճռռում է»․ Փաշինյանը խնդրի լուծում առաջարկեց

Նիկոլ Փաշինյան
Վարչապետն առաջարկում է արևային վահանակներ տեղադրել և ամբողջ տնտեսությունը վերակառուցել ու վերակազմակերպել այդ տրամաբանությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Հայաստանը մեծ խնդիրներ ունի ջրի ոլորտում։ Այսօր կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս ոլորտում կառավարությունն էլ շատ հետևողական չի եղել իր անելիքների հարցում։
«Մենք էլ շատ բացթողումներ ունենք։ Ուզում եմ, որ մեր ընկալումները փոխենք։ 2024 թ․-ի համար մեր մտածածն էն պետք է չլինի, որ «վայ, նենց անենք, որ ջուրը չթանկանա»։ Մեր մտածածը պետք է լինի՝ «վայ, նենց անենք, որ մարդիկ ջուր ունենան՝ շուրջօրյա և ոռոգման։ Մենք ասում ենք՝ տեսեք, թե ինչ լավ կառավարություն ենք, ջրի գինը չենք բարձրացնում։ Ջրի գինը չենք բարձրացնում, բայց հասանելիությունն ու որակն էլ չենք բարձրացնում»,- ասաց Փաշինյանը։
Լուրջ կազմակերպությունները չեն ցանկանում աշխատել կառավարության հետ. Փաշինյան
Ըստ նրա՝ ջրի վերաբերյալ ընկալումները մարդկանց մոտ էլ պետք է փոխվեն։ Մարդիկ պետք է հասկանան՝ գումար են վճարում ոչ թե ջրի, այլ դրա օգտագործման և որակի համար։ Եթե մարդիկ պատրաստ են գնալ և 25 կմ հեռու սարից ջուր բերել, ապա այն անվճար է։ Պետությունը գումար է ուզում այդ ջուրը քաղաքացու տուն հասցնելու և դրա որակն ապահովելու համար, քանի որ ջուրը համաճարակային մեծ ռիսկեր ունի։
Կառավարության ղեկավարը նաև հիշեցրեց՝ ոռոգման հարցում էլ մեծ խնդիրներ կան։
«Համակարգն էլեկտրաէներգիայի պարտքերի տակ ճռռում ա։ Արդյունաբերական հոսանքով միլիարդավոր դրամների ջուր է մղվում»,- նշեց վարչապետը։
Ըստ նրա՝ կարելի է արևային վահանակներ տեղադրել և ամբողջ տնտեսությունը վերակառուցել ու վերակազմակերպել այդ տրամաբանությամբ։ Արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինն էլ կնվազի։
«Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել». Փաշինյան