ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Երևանի Ռուսական արվեստի թանգարանում նշվել է հիմնադրի, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի 125-ամյակը և պատկերասրահի բացման 40-ամյակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ցուցադրվել է 1980 թվականին նկարահանված «Հոգու թելադրանքով» վավերագրական ֆիլմը: Ֆիլմում Արամ Աբրահամյանն էր՝ բժիշկ-պրոֆեսորը, Սոցիալիստական աշխատանքի հերոսը, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիրը տնային պարզ միջավայրում, որն առանձնահատուկ շունչ է հաղորդել երեկոյին:
Ռուսական արվեստի թանգարանում նշել են հիմնադրի 125 և թանգարանի բացման 40-ամյակները
© Photo : Русский дом в Ереване
«Պրոֆեսորը արվեստը գնահատող մարդ էր, մասնավորապես արծաթե դարաշրջանի ռուս ավանգարդ նկարիչների ստեղծագործությունները: Նա հավաքել է հսկայական հավաքածու և կյանքի վերջին տարիներին այն կտակել իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։ Այսպիսով, 1984 թվականին Երևանում բացվել է Ռուսական արվեստի թանգարանը, որը գործում է մինչ օրս»,- ասված է հաղորդագրությունում։
Այսօր թանգարանի հավաքածուն ներառում է ռուս նկարիչների ավելի քան 350 աշխատանք, որոնք ներկայացված են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի գործերով: Պատկերասրահը ղեկավարում է Մարինե Մկրտչյանը: Նա ասում է, որ թանգարանը Ռուսական արվեստի փոքրիկ, բայց հարուստ կղզյակ է ՀՀ մայրաքաղաքի սրտում:
Սերգեյ Կոպիրկինը միջոցառմանը
© Photo : Русский дом в Ереване
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ–ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի, Երևանում Ռուսական գրքի տան, Մոսկվայի տան և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: