Երևանի կոնյակի գործարանը դարձել է ՀՀ-ում 1-ին լիազորված տնտեսական օպերատորը

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունենալու դեպքում ընկերությունները կարող են ներմուծում-արտահանումներն իրականացնել պարզեցված եղանակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Հայաստանում արդեն կա առաջին լիազորված տնտեսական օպերատորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ին հանձնել է Եվրասիական տնտեսական միության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ 1-ին տիպի վկայական։
«Ռուստամ Բադասյանի և լիազորված տնտեսական օպերատոր «Երևանի կոնյակի գործարան» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր։ Համաձայն դրա կողմերը պատասխանատու կլինեն երկկողմ մաքսային պարզեցված ընթացակարգերի կիրառման, ընթացիկ խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
ՊԵԿ նախագահը նշել է, որ նման կարգավիճակն ունեցող ընկերությունները մաքսային պարզեցված ընթացակարգերից օգտվելու արդյունքում ներմուծում-արտահանումները կիրականացնեն պարզեցված եղանակով։ Հետևաբար ընկերությունները կծախսեն ավելի քիչ ժամանակ ու ֆինանսական միջոցներ։ Բադասյանը նաև հույս է հայտնել, որ մյուս հարկ վճարողները ևս կանցնեն այս ճանապարհով։
Լիազորված օպերատորի կարգավիճակ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է, որ համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ չափորոշիչների և պահանջների:
Երևանի կոնյակի գործարանը դարձել է ՀՀ-ում 1-ին լիազորված տնտեսական օպերատորը