ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Նա ձերբակալվել է այն նույն գործով, որի շրջանակում ձերբակալվել է 7 անձ, այդ թվում` էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլիա Սիրականյանը։
«Այս գործով միջնորդություն է ներկայացվել յոթ անձի կալանավորման համար»,- հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ են կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։