ՀՀ բանկերում վարկային բարձր տոկոսներն անխուսափելիորեն նվազելու են, բայց ավելի ուշ. Քթոյան

2023թ-ին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10.75%-ից դարձել է 8.75%: Բայց ի տարբերություն ԿԲ-ի` հայաստանյան առևտրային բանկերն առայժմ չեն շտապում վերանայել վարկերի տոկոսադրույքները: Պատճառների մասին Sputnik Արմենիան զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Հայաստանյան բանկերում վարկային բարձր տոկոսադրույքներն անխուսափելիորեն նվազելու են, բայց դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը` մեկնաբանելով, թե ինչու առևտրային բանկերը համարժեք չեն արձագանքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու մասին Կենտրոնական բանկի որոշումներին:
Հայտնել ենք, որ հունվարի 30-ին Կենտրոնական բանկի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանվելով 8.75%։
«Բանկերը ներգրավել են որոշակիորեն բարձր տոկոսադրույքներով ավանդներ, և դրա դիմաց պետք է որոշակի դրական մարժա ունենան։ Եթե այս պահին նվազեցնեն վարկի տոկոսադրույքը, նույնպիսի նվազեցում պետք է կատարեն նաև ավանդների տոկոսադրույքների մասով, իսկ այդ դեպքում կհայտնվեն անցանկալի իրավիճակում»,– ասաց Քթոյանը։
Բացի այդ, բանկերի համար, նրա դիտարկմամբ, եկամտի հնարավոր կրճատման հանգեցնող նախաձեռնությունը ռիսկային է։ Բայց որոշակի ժամանակ անց բանկերը ստիպված են լինելու ճշգրտումների գնալ` մրցակցությանը դիմակայելու և հաճախորդներ չկորցնելու համար։
2020թ–ի 44–օրյա պատերազմից սկսած ԿԲ–ն 2 տարի շարունակ պարբերաբար բարձրացնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով զսպել երկրում երկնիշ թվերով աճող գնաճը:
Եվ միայն 2023թ-ին, երբ Հայաստանում տնտեսական իրողություններով պայմանավորված` գնաճը սկսեց կայունանալ ու նույնիսկ նվազման միտում դրսևորել, ԿԲ- սկսեց վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման քաղաքականություն վարել, ինչի արդյունքում այն 1 տարվա ընթացքում 10.75%-ից արդեն դարձել է 8.75%: Ի տարբերություն ԿԲ-ի` հայաստանյան առևտրային բանկերն առայժմ չեն շտապում վերանայել վարկերի բավական բարձրացած տոկոսադրույքները:
ՀՀ ԿԲ–ն իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով 9.25 %
ԿԲ նախագահը հունվարի 30–ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով խնդրին` կարծիք հայտնեց, որ դա պայմանավորված է ինչպես հիփոթեքային շուկայում առկա մեծ պահանջարկով, այնպես էլ որպես հետևանք` սպառողական վարկերի պահանջարկի ավելացմամբ։ Բնակարան ձեռք բերած քաղաքացիները վարկային միջոցներով նորոգում, ապա կահավորում են իրենց բնակարանները։
Ուստի Արմեն Քթոյանից նաև հարցրինք` արդյոք այդ պահանջարկը չի խոչընդոտի բանկային հատվածում տոկոսադրույքների նվազեցմանը։
«Պահանջարկը, իհարկե, կարևոր գործոն է ու զգալի դերակատարում ունի։ Բայց, քանի որ մրցակցային միջավայրում միշտ կլինեն բանկեր, որոնք կցանկանան իրենց վարկային պորտֆելն էլ ավելի ավերացնել, նոր հաճախորդներ գրավելու համար նրանք պետք է նվազեցնեն տոկոսադրույքները»,– նկատեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է ավանդների տոկոսադրույքներին, որոնց ցածր լինելուց քաղաքացիների շրջանում մշտապես դժգոհություն կա, Քթոյանը հիշեցրեց, որ բանկերի եկամուտները հիմնականում ձևավորվում են ավանդների ու վարկերի տոկոսադրույքների տարբերությունից, հետևաբար ավանդների տոկոսները միշտ անհամեմատ ավելի ցածր են վարկային տոկոսներից։
Սակայն մտայնությունը, թե Հայաստանում դրանք անոմալ ցածր են, Քթոյանը չի կիսում` արձանագրելով, որ դա մեծապես կախված է ավանդի տեսակից, արժույթից և այլն։
ԿԲ–ն շարունակում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին բարձրացվել է
Դրամական ավանդները, նրա խոսքով, ավանդատուին շուրջ 11 տոկոս եկամտաբերություն են ապահովում։ Բայց եթե ավանդը դրվում անժամկետ կամ ցպահանջ պայմանագրով, այս դեպքում բանկերն, ըստ էության, զրկվում են այդ գումարները կանխատեսելի ժամանակահատվածում շրջանառելու հնարավորությունից և ստիպված են լինում ապահովագրել իրենց հնարավոր ռիսկը` ցածր տոկոսներ սահմանելով։