Գագիկ Խաչատրյանի ցավերը սաստկացել են. նա ներկա չէր դատական նիստին

Առանց Խաչատրյանի դատարանը չքննարկեց նրան Հայաստանից մեկնելու թույլտվություն տալու միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատացել, ցավերը սաստկացել են։ Խաչատրյանի գործով դատական նիստի ժամանակ այս մասին ասաց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Գագիկ Խաչատրյանը վատառողջ է, այս պահին շտապօգնության անձնակազմը բժիշկներով գտնվում է Խաչատրյանի տանը, ցավազրկողներ են ներարկել, բայց հաշվի առնելով այս պահին վիճակը` չի կարող ներկա լինել դատական նիստին»,–հայտարարեց պաշտպանը։

Սարգսյանը դիմեց դատարանին, որ առանց Խաչատրյանի քննարկեն նրան բուժման նպատակով Հայաստանից մեկնելու թույլտվություն տալու միջնորդությունը, սակայն մեղադրող կողմը պնդեց Խաչատրյանի ներկայությունը միջնորդության քննարկմանը։
Դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 14–ին, ժամը 15։00–ին։
Գագիկ Խաչատրյանի գործով նիստը կրկին հետաձգվեց. նա ի վիճակի չէր մնալ դատարանի դահլիճում
Նշենք, որ պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարանը Խաչատրյանին թույլ տա մեկնել Գերմանիա` վիրահատության։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։
Ըստ դատախազության՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում բռնագանձման ենթակա է 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում։
Գագիկ Խաչատրյանից ու նրա 25 մտերիմներից 210 միավոր անշարժ գույք կբռնագանձվի
Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար:
Բռնագանձման ենթակա գույքի ցանկում է նաև նախկին պաշտոնյային պատկանող շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում։