ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik․ Վաղը սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Առաջին ալիքը՝ վկայակոչելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին:
Մայիսի կեսերին փոխվարչապետի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ փոխհամաձայնեցման փուլում է նշված հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ու անցկացման աշխատակարգի նախագիծը։
Հիշեցնենք` 2023–ի նոյեմբերի 30-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։
Պաշտոնյաները պայմանավորվել են սկսել սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները։
Կողմերը որոշել են ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը, ինչպես նաև պայմանավորվել են աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: