Շոյգուն ստուգել է «Կալիբր» և «Իսկանդեր» թևավոր հրթիռների արտադրությունը

Նախարարը հայտարարել է արձակման կայանքների արտադրության հետ կապված հարցերը լուծելու անհրաժեշտության մասին։
Sputnik
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Եկատերինբուրգի «Ալմազ-Անտեա» ձեռնարկությունում ստուգել է «Կալիբր» թևավոր հրթիռների և «Իսկանդեր» համալիրի արտադրությունը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մենք տեսանք փաստացի բոլոր արտադրությունները, խոսեցինք գլխավոր կոնստրուկտորների, գլխավոր ինժեներների հետ։ Ինչ վերաբերում է ՀՕՊ գծով մեզ անհրաժեշտ հրթիռներին, ապա այնտեղ մենք ավելի քան կրկնակի աճ ունենք։ Հույս ունեմ, որ այս տարի ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի»,-ասել է նախարարը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, մի շարք առանցքային հարցեր կան, որոնք պետք է լուծել և լուծել եռանդով: Խոսքը շարժիչների, արձակման կայանքների արտադրության մասին է։
Ավելի վաղ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար, փոխվարչապետ Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ 2023 թվականին Ռուսաստանի զինված ուժերի համար սպառազինության արտադրությունն ու մատակարարումները մի շարք ոլորտներում ավելացել են 10-12 անգամ։ Խոսքը «հսկայական թվերի» մասին է։