Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը Երևանում բացվել է 2015 թվականի ապրիլի 30-ին։ Այն պատկերում է լենինգրադցի տղային պատսպարած հայ կնոջ։
Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը Երևանում
© Sputnik / Petros Lagesyan
Հուշարձանը գտնվում է Վահագն Դավթյանի անվան զբոսայգում՝ Արաբկիր թաղամասում (Իրանի դեսպանատան հարևանությամբ)։ Հուշարձանի վրա երկլեզու գրություն կա․ առջևում՝ հայերեն «Պաշարված Լենինգրադի երեխաներին», իսկ աջ կողմում` ռուսերեն՝ «Детям блокадного Ленинграда»։ Հուշարձանի վերևի մասում առագաստանավի պատկերով սրաձող է` որպես պաշարված քաղաքի խորհրդանիշ։
Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը Երևանում
© Sputnik / Petros Lagesyan
Երեխաներին նվիրված հուշահամալիրը ստեղծել է պետերբուրգցի քանդակագործ Վլադիսլավ Մանաչինսկին՝ Հայաստանից բերված սև գրանիտից։ Սա Մանաչինսկու առաջին աշխատանքը չէ, որը նվիրված է Լենինգրադում շրջափակվածներին հիշատակին։ Մասնավորապես, նա ստեղծել է Լենինգրադի շրջափակման զոհերին նվիրված «Հիշատակի մոմ» հուշարձանը, որը տեղադրված է Երուսաղեմի կենտրոնում։
Հուշարձանի ճարտարապետներն են Տիգրան Բարսեղյանը (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը), Անատոլի և Լադա Չեռնովները (Ռուսաստան):
Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը Երևանում
© Sputnik / Petros Lagesyan
Ըստ տարբեր աղբյուրների՝ շրջափակված Լենինգրադից Հայաստան է տարհանվել մանկատների ավելի քան 200 (որոշ աղբյուրներում հանդիպում է նաև 500 թիվը) սան։ Հայտնի է միայն, որ 1942թ-ի ձմռանը Լենինգրադի թիվ 51 մանկատնից Սանահին գյուղ է տեղափոխվել 120 սովահար երեխա:
Նախօրեին սոցցանցերի հայկական տիրույթում հայտնվել էր ոմն Սամվել Շիրինյանի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նա պոկում ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրանք և տապալում հուշարձանին դրված ծաղկեպսակները:
Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր Հայաստանի գլխավոր դատախազություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել հուշարձանի մոտ ծաղկեպսակների պղծման փաստով։ Երևանում պղծման հետ կապված քրեական գործ հարուցելու մասին հանձնարարական է տվել նաև Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: