ԱԱԾ–ն կանխել է Իրանից ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու փորձը

Քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 13 կգ տարատեսակ թմրամիջոցների նմանվող զանգվածներ:
Sputnik
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացիները ԻԻՀ քաղաքացու հետ, նախնական համաձայնությամբ, հունվարի 25-ին Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։
«Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից: Հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է մարզային վարչության տարածք»,–նշված է հաղորդագրության մեջ:
Քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 13 կգ տարատեսակ թմրամիջոցների նմանվող զանգվածներ:
Համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ թմրամիջոցների, հոգեմետ նյութերն ապօրինի իրացնելու և մաքսանենգություն կատարելու հատկանիշներով։