ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր է քննարկել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնամխելիության և ինքնիշխանության աներկբա հարգման հրամայականը՝ նաև որպես տարածաշրջանում հարատև խաղաղության ապահովման առհավատչյա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:
Քամալ Խարազի
© Photo : press office of MFA of RA
Ընդգծվել է երկու երկրների միջև էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության և համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու տարածաշրջանում կայունության: