Կոմիտասի աշխատասենյակը` VR ցուցադրությամբ. քաղաքացիներին թանգարանում նորույթ է սպասում

Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսուհետև քաղաքացիները հնարավորություն կունենան վարդապետի աշխատասենյակը տեսնել VR (վիրտուալ) ցուցադրությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ:
Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ այս իրադարձությունը համընկել է կառույցի հիմնադրման 9-ամյակի հետ:
«Կոմիտասի ստեղծագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում գրանցումը շատ պարտավորեցնող է: Սա հնարավոր է եղել թանգարանի 7-8 տարվա աշխատանքի, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շնորհիվ»,- ասաց Կոստանդյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նույնպես հաստատեց, որ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելը հետևողական աշխատանքի արդյունք է:
«Նմանատիպ իրադարձությունները լավ առիթ են, որպեսզի մենք ինքներս էլ ևս մեկ անգամ վերաիմաստավորենք և արժևորենք այն ժառանգությունը, որն ունենք, մասնավորապես Կոմիտասի տարեդարձի 155-րդ տարում: Կարծում եմ` սա լավ ուղենիշ կլինի տարին սկսելու և այն նույնկերպ շարունակելու համար»,- ասաց Անդրեասյանը:
Թանգարան-ինստիտուտում քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն Կոմիտասի աշխատասենյակը տեսնել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ՝ VR ցուցադրությամբ:
«Մեր երեխաների համար անկրկնելի փորձառություն կլինի, երբ տեսնեն, օրինակ, այն ստեղները, որոնց վրա նվագել է Կոմիտաս վարդապետը»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
VR ակնոցի միջոցով թանգարանի այցելուներն այսուհետ կարող են տեսնել Կոմիտասի դաշնամուրը, ռոյալը, նույնիսկ նվագել դրա վրա, ալբոմը թերթել և այլ հետաքրքիր առարկաներ ու իրեր «շոշափել»: