Արցախյան 44–օրյա պատերազմի օրերին հայկական ռոք-դուետ «Հայ Լաո»-ի տղաները` Տիգրան և Վարդան Թադևոսյանները, առաջնագիծ էին մեկնել առանց իրենց «զենքի»` կիթառների։ Ասում են` շատերը չեն էլ իմացել, որ իրենք երաժիշտ են, հետո, երբ տղաներից մի քանիսն իրենց ճանաչել ու հիշել են, հարցրել են` ինչո՞ւ կիթառներով չեք եկել։
«Ասացինք` մենք չգիտեինք, որ պատերազմին պետք է կիթառներով գանք»,–ժպիտով պատմում են եղբայրները։
Կիթառ չկար, բայց երգը 44–օրյայի ողջ ընթացքում ուղեկցեց տղաներին։ Ասում են` երբեմն պատերազմի ժամանակ ինքնաձիգն ավելի քիչ անելիք ունի, քան երգը։
«Զենքի կողքին պետք է լինի նաև հայ երգը։ Մենք նույնպես ճակատում ոգեշնչվում էինք երգով, և երբեմն, երբ լինում էր հուսահատ, տխուր պահեր, երգն էր հասնում օգնության, բարձրացնում մարտական ոգին և զինվորի բարոյահոգեբանական վիճակը լավացնում։ Այդ մարտահրավերների ժամանակ, երբ քո անմիջական թշնամին քո առջև չէ, բայց իր արկերը և հրետանին աշխատում են, այդտեղ քո ինքնաձիքով ոչինչ չես կարող անել, և որպեսզի մարտական ոգին չընկնի, այդտեղ իր դերն է կատարում երգը»,– ասում են երգահան եղբայրները։
Ջրի երկու կաթիլի պես նման երկվորյակները հայոց բանակում ծառայել են 1994-96 թվականներին, ասում են` միայն մի դեպքում են օգտվել իրենց նմանությունից. հերթափոխի 4 ժամը կիսել են երկուսի միջև։ Մնացած դեպքերում ծառայության մեջ ամեն հարցում իրար հետ են եղել։ 44–օրյա պատերազմից հետո բանակի օրվա խորհուրդը նրանց համար ավելի է կարևորվել։
«Մենք տեսնում ենք, որ մեր բանակի առջև ավելի մեծ խնդիրներ են ծառացել, բանակին հիմա պետք է ավելի շատ աջակցել։ Բանակը պետք է աչքի լույսի պես պահպանենք, քանի որ մեր անվտանգության միակ երաշխավորը եղել է, կա և լինելու է հայոց բանակը։ Առկա բոլոր խնդիրները պետք է արժանապատիվ լուծում ունենան, դա վերաբերում է և՛ բանակի հրամկազմին, և՛ օրվա իշխանություններին, իսկ ժողովուրդը միշտ է բանակին սիրով վերաբերվի»,–նշում են տղաները։
Հայոց բանակի տոնի առթիվ նրանց ցանկությունը մեկն է` որ խաղաղություն լինի, սակայն ընդգծում են` արժանապատիվ խաղաղություն։
«Պատերազմ տեսած մարդը ամենաշատն է ուզում խաղաղություն, բայց այն խաղաղությունը, որը մեզ պետք է պարտադրվի, և որի ժամանակ մենք պետք է կռացած լինենք, այդ խաղաղությունը մեզ պետք չէ»,–հավելում են Թադևոսյան եղբայրները։
Նրանք շեշտում են` ստրկությունն ու խաղաղությունն իրարից տարբեր են, իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը ուժեղանալ, հզորանալու մեջ է։